Չանդրագուպտա II

Չանդրագուպտա II
 
Մասնագիտություն՝ միապետ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր 4-րդ դար
Վախճանի օր 5-րդ դար
Քաղաքացիություն Գուպտա կայսրություն
Հայր Սամուդրագուպտա
Ամուսին Դհրուվադեվի
Զավակներ Կումարագուպտա I, Պրաբհավատիգուպտա և Govindagupta?

Չանդրագուպտա II (իշխել է մոտ 380 թ. - մոտ 415թ.), Հնդկաստանի պատմությամ մեջ ամենահզոր տիրակալներից մեկը, Սամուդրագուպտայի որդին, Չանդրագուպտա I-ի թոռը։ Նրա օրոք Գուպտաների պետությունը հասավ սահմանների աննախադեպ ընդարձակման։ Պատմության մեջ մտել է Վիկրամադիտյա անունով, ինչը նշանակում է «խիզախության որդի»։ Նրա պատվին Մաթհուրա (Mathura) քաղաքում կանգնեցվել է մաքուր երկաթից հայտնի սյունը։

Համաձայն ավանդույթի, Չանդրագուպտան նախատեսված չէր գահաժառանգության համար և մեծանում էր տկար ավագ եղբոր ստվերում։ Կազմակերպելով եղբոր  սպանությունը նա հորից ժառանգեց հսկայական տիրույթներ Հնդկաստանի հյուսիսում և սկսեց սահմանների ընդարձակումը խաղաղ ու ռազմական ճանապարհներով։ Չանդրագուպտայի թագադրման օրը դարձավ Վիկրամ սամվատ օրացույցի (Սամվատի օրացույց) հաշվարկման ելակետ, Նեպալում այն մինչ օրս նշվում է որպես Նոր տարի։

Քսան տարվա ընթացքում (մոտ 388-409 թթ.) Չանդրագուպտան նվաճում է Արևմտյան Կշատրապի հողերը (Հնդկաստանի հյուսիս-արևմուտք)։

Այդ հողերից հարավ սկսվում էին Վակատակ հարստության տիրույթները։ Չանդրագուպտան իր դուստր Պրաբխավատիին կնության տվեց այնտեղի մախարաջաին։ Ամուսնու մահից հետո Պրաբխավատին սկսեց կառավարել իր մանկահասակ որդիների անունից` հետևելով հոր խորհուրդներին։

Չանդրագուպտայի կառավարումը նշանավորվեց գիտությունների ու արվեստների աննախադեպ վերելքով։ Նրա պալատում փայլում էին պալատական բանաստեղծ- դրամատուրգ Կալիդասան, աստղագետ Վարախամիխարան` այլ նշանավոր բանաստեղծների ու գիտնականների հետ միասին։ Պատալիպուտրա՝ ներկայիս Պատնա, մայրաքաղաքում ստեղծվեցին վիթխարի ճարտարապետական կառույցներ։

Չանդրագուպտան, դավանելով հինդուիզմ, հանդուրժող էր Հնդկաստանի մյուս կրոնների՝  ջեյնիզմի ու բուդդայականության նկատմամբ։ Նա հատում էր արծաթյա դրամներ «Վիկրամադիտյա» տիտղոսով, որով բնութագրում էին իմաստուն տիրակալին հնդկական բանահյուսությունում։

Չինացի վանական Ֆա Սյանը, ով 405-411 թվականներին ճանապարհորդել է Հնդկաստանով, հավանությամբ է նկարագրել Գուպտաների պետության ներքին կառուցվածքը, որտեղ չկար մահապատիժ։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Chandra Gupta II // Encyclopædia Britannica.(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չանդրագուպտա II» հոդվածին։